ՀՀ խորհրդարանական ընտրություններին հանրապետականները մեկը մյուսի դեմ չեն մրցելու, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Սկզբունքը լինելու է հետևյալը՝ մենք բոլորս ու մեր թեկնածուները պայքարելու են հանուն նրա, որ ընտրությունները լինեն օրինակելի ու ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, որպեսզի ՀՀԿ-ն ստանա հնարավորինս շատ ձայն», - նշեց նա: Շարմազանովի խոսքով՝ հանրության դատին են ներկայացնելու ու ապացուցելու, որ յուրաքանչյուր տարածքում իրենց ռեյտինգային ցուցակն ամենամրցունակն է:
Անդրադառնալով ռեյտինգային ցուցակի կազմում ներառված նախկին ԲՀԿ-ականներին, Շարմազանովը նշեց. «ԲՀԿ-ում էլ կան մարդիկ, ովքեր եղել են նախկին ՀՀԿ-ականներ։ Նորմալ է, քաղաքական կյանք է, յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ ինչպես տնօրինել իր քաղաքական ճակատագիրը»: ՀՀԿ խոսնակը շեշտեց, որ ըստ անցկացված հարցումների՝ ՀՀԿ-ն ընտրությունների բացահայտ ֆավորիտն է:
«Մենք ակնկալում ենք, որ արդար մրցապայքարում կստանանք հնարավորինս շատ ձայներ», - նշեց Է. Շարմազանովը:
ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստում քննարկվել է նաև կուսակցության նախընտրական ծրագիրը: «Ծրագիրը հիմնականում պատրաստ է, ամբողջությամբ պատրաստ կլինի չորեքշաբթի-հինգշաբթի օրերին», - նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ ՀՀԿ-ի ծրագրի հիմքը լինելու է անվտանգության զարգացումն ու ամրապնդումը, տնտեսական առաջընթացի ապահովումը, ժողովրդավարության զարգացումը: «Կլինի նաև արդարադատության ոլորտում դժգոհության վերացումը, արտաքին քաղաքականության հետ կապված հարց կա՝ Հայաստանը պետք է շարունակի իր դաշնակցային հարաբերությունը ՌԴ-ի հետ ՀԱՊԿ-ում, շարունակի իր երկխոսությունն ԱՄՆ-ի հետ, Եվրոպական միության հետ, հարևան երկրների հետ», - նշեց նա: ՀՀԿ խոսնակը նշեց, երբ որ քաղաքական ծրագիրն ամբողջությամբ պատրաստ լինի, կներկայացնեն կետ առ կետ: